Archive for July, 2013

ասում ես՝ ուզում ես գրող դառնալ:
եթե դա քո միջից պոռթկալով դուրս չի գալիս՝
ամեն ինչին հակառակ,
ուրեմն մի՛ արա:
եթե դա դիմակազերծված չի գալիս
սրտիցդ, ուղեղիցդ, բերանիցդ ու
աղիքներիցդ,
ուրեմն մի՛ արա:
եթե պետք ա ժամերով նստես
ու նայես կոմպիդ էկրանին
կամ մեջքդ ծռես
գրամեքենայիդ վրա՝
բառեր փնտրելով,
ուրեմն մի՛ արա:
եթե դու դա անում ես փողի համար
կամ փառքի,
ուրեմն մի՛ արա:
եթե դա անում ես, որովհետև ուզում ես
անկողնուդ մեջ լիքը կանայք լինեն,
ուրեմն մի՛ արա:
եթե պետք ա նստես ու գրածդ
նորից ու նորից արտագրես,
ուրեմն մի՛ արա:
եթե հենց մենակ դրա մասին մտածելն արդեն
ծանր աշխատանք ա,
ուրեմն մի՛ արա:
եթե փորձում ես գրել ինչ-որ մեկի նման,
ուրեմն մի՛ արա:
եթե սպասում ես, թե երբ ա դա ոռնոցով մեջիցդ դուրս գալու,
ուրեմն համբերատար սպասիր:
եթե էդպես էլ ոռնոցով դուրս չգա,
ուրեմն մի ուրիշ բանով զբաղվիր:
եթե սկզբից պետք ա դա կարդաս կնոջդ,
ընկերուհուդ, ընկերոջդ,
ծնողներիդ կամ էլ ուրիշ մեկի համար,
ուրեմն պատրաստ չես:
մի՛ եղիր ուրիշ գրողների նման,
մի՛ եղիր հազարավոր մարդկանց պես, ովքեր իրենց
գրող են կոչում,
մի եղիր անհետաքրքիր, ձանձրալի ու
հավակնոտ, մի տարվիր ինքդ քո հանդեպ
սիրով:
աշխարհի գրադարանները հորանջելուց մեռնում են՝
պահելով նման հեղինակների:
դրանց թիվը մի՛ ավելացրու:
մի՛ արա էդ բանը:
եթե դա հոգուցդ դուրս չի թռչում
հրթիռի պես,
եթե հանգիստ նստելը քեզ չի
խելագարեցնում, հասցնում ինքնասպանության
կամ սպանության,
ուրեմն մի՛ արա:
եթե քո միջի արևը չի
այրում աղիքներդ,
ուրեմն մի՛ արա դա:
երբ իրոք ժամանակը գա
ու դու լինես ընտրյալը,
դա կլինի ինքն իրեն
ու ոչինչ չի խանգարի դրան,
ու դա կշարունակի իր անելիքը մինչև
դու մեռնես, կամ էլ ինքը մեռնի քո մեջ:
ուրիշ ձև չկա:
ու երբեք չի էլ եղել:

դուք ավելի լավն եք, քան երբևէ:

բոլոր օրինակները վաճառվել են:

բանի պետք չես:

մայրս քեզ ատում է:

լավ հարուստ ես:

դուք անգլիալեզու լավագույն գրողն եք:

կլինի՞ գամ ձեզ տեսնելու:

ես էլ եմ քո պես գրում, մենակ թե ավելի լավ:

ինչու՞ եք BMW քշում:

ինչու՞ ավելի հաճախ չեք անում ընթերցումներ:

մոտդ դեռ կանգնում ա՞:

Ալեն Գինզբերգին ճանաչու՞մ եք:

ի՞նչ կարծիքի եք Հենրի Միլլերի մասին:

իմ հաջորդ գրքի համար նախաբան կգրե՞ք:

կից ուղարկում եմ Սելինի լուսանկարը:

կից ուղարկում եմ պապիս գրպանի ժամացույցը:

կից ուղարկված ժակետը գործել է կինս՝ բավարական ոճով:

Միկի Ռուրկի հետ հեչ խմած կա՞ս:

ես 19 տարեկան աղջիկ եմ, կգամ ձեր տունը մաքրելու:

ոնց կարելի ա մարդկանց ասել, որ Շեքսպիրը կարդալու բան չի, այ հոտած անասուն:

ի՞նչ կարծիքի եք Նորման Մայլերի մասին:

ինչի՞ ես Հեմինգուեյ թխում:

Տոլստոյին տշած ունես, հա՞:

հիմա ինձ մոտ ծանր շրջան է, հենց խելքի եկա, կգամ քեզ տեսակցության:

էշի ծնունդ:

դուք իմ գրողի տարած կյանքը փրկեցիք:

ինչու՞ եք ատում կանանց:

սիրում եմ քեզ:

ես ձեր ոտանավորները քեֆերի ժամանակ եմ կարդում:

էդ ամենը լուրջ հետդ կատարվել ա՞:

ինչու՞ եք խմում:

ես ձեզ տեսա ձիարշավարանում, բայց չուզեցի անհանգստացնել:

կուզենայի վերսկսել մեր հարաբերությունները:

իրո՞ք ամբողջ գիշեր չեք քնում:

գրազ գանք, ես քեզնից շատ կխմեմ:

դու սա Շերվուդ Անդերսոնից ես գողացել:

երբևէ հանդիպե՞լ եք Էզրային:

ես մենակ եմ ու ձեր մասին եմ մտածում ամբողջ գիշեր:

քո արևին մեզ ապուշի տեղ ե՞ս դրել:

ծիծիկներս մի եսիմ ինչ չեն, բայց հոյակապ բդիկներ ունեմ:

ես քո մերը:

կինս քեզ ատում ա:

խնդրում եմ, կկարդա՞ք կցված բանաստեղծություններն ու գրեք ձեր մեկնաբանությունը:

ես կհրապարակեմ ինձ ուղարկած քո բոլոր նամակները:

խփնված օնանիստ, ու՞մ ես գժի տեղ դրել:

225 օր խոտերի տակ

բայց դու ինձանից շատ բան գիտես:

արդեն վաղուց արյունդ ծծել են,

դու չորացած ցողուն ես զամբյուղի մեջ:

էդպես է լինում, չէ՞:

այս սենյակում

սիրո ժամերը

դեռ ստվերներ են գցում:

 

երբ գնացիր

դու հետդ տարար գրեթե

ամեն ինչ:

գիշերները ես ծնկի եմ գալիս

վագրերի դիմաց

որոնք ինձ հանգիստ չեն տալիս:

 

այն, ինչ էիր,

էլ չես լինի երբեք,

վագրերն ինձ գտել են

բայց թքած ունեմ:

հիմա մենք հավաքվել ենք էստեղ,

որպեսզի թաղենք նրան այս

ոտանավորի մեջ:

նա ամուսնացած չէր գործազուրկ գինեմոլի հետ, ով

նրան կծեծեր ամեն

գիշեր:

նրա մի քանի երեխաները երբեք չեն հագնի

խլնքոտ վերնաշապիկներ

կամ պատռված շորեր:

այս գեղեցիկ կինը

պարզապես

խաղաղ

հանգչեց:

և հիմա թող որ էս ոտանավորի մաքուր հողը

թեթև լինի

նրա ու իր արգանդի

իր զարդեղենի

իր սանրերի ու իր

բանաստեղծությունների

նրա կապույտ աչքերի

ու իր չարախնդացող

հարուստ

սարսափած

ամուսնու վրա:

Քեզ ա թվում, թե ընդամենը

կարդում ես էս բանաստեղծությունը:

իրականում էս ավելին ա, քան

բանաստեղծությունը:

էս մուրացկանի դանակն ա:

էս կակաչ ա:

էս զինվոր ա, ով քայլում ա

Մադրիդով:

էս դու ես՝ քո

մահվան մահճում:

էս Լի Պոն ա ծիծաղում

էն աշխարհում:

էս մենակ գրողի տարած

բանաստեղծություն չի:

էս քնած ձի ա:

էս գլխիդ միջի թիթեռն ա:

էս դևերի

կրկեսն ա:

դու էս չես կարդում

թղթի վրա:

էդ թուղթն ա քեզ

կարդում:

զգում ե՞ս:

էս ոնց-որ կոբրա լինի:

էս սոված արծիվ ա,

որ պտտվում ա սենյակում:

 

էս բանաստեղծություն չի:

բանաստեղծությունները տափակ են,

դրանցից քունդ սկսում ա

տանել:

 

էս բառերը քեզ գցում են

մի նոր

խանգարմունքի մեջ:

 

քեզ օրհնել են,

քեզ հրել են

դեպի

կուրացնող լույսը:

 

փիղը հիմա քո հետ

երազում ա:

 

տարածության կորագիծն էլ

թեքվում ա ու

ծիծաղում:

 

այ հիմա կարող ես մեռնել:

հիմա մեռնել կարող ես, քանի որ

մարդիկ ստեղծվում են

մեռնելու համար.

մեծն,

հաղթական,

երաժշտություն լսելով,

երաժշտությունը լինելով,

մռնչալով,

մռնչալով,

մռնչալով: